Մենք ունենք ընդհանուր թշնամի՝ Իրանը․ Ֆրանսիայի Սենատը պետք է վերանայի իր որոշումը․ Իսրայելցի պատգամավորները ադրբեջանցի գործընկերներին

89

Իսրայելի Քնեսեթի 8 խմբակցության 30 պատգամավոր պաշտոնապես դիմել է Ադրբեջանի Միլի Մեջլիսին՝ ի պատասխան Թել Ավիվում դեսպանություն բացելու որոշման։

Հայտարարության մեջ ասվում է․

«Այսօր Ադրբեջանը Իսրայելի հետ ուս ուսի տված կանգնած է որպես վստահելի գործընկեր անվտանգային և տնտեսական ոլորտներում։ Այս գործընկերությունը հանդիսանում է Իսրայելի անվտանգային համակարգի հիմքը տարածաշրջանում»։

Իսրայելցի պատգամավորներն այնքան են ոգևորվել, որ հայտարարության տեքստում հիշատակել են իսրայելա-ադրբեջանական «բազմադարյա համագործակցության» մասին (ԽՄԲ․ Հիշեցնենք, որ արհեստածին Ադրբեջանը ստեղծվել է 1918-ին)։

«Մենք ունենք ընդհանուր թշնամի՝ Իրանը, որը սպառնում է ոչնչացնել մեր երկու երկները։ Այաթոլլայի ռեժիմը օգտագործում է հակասեմական քարոզչությունը, որ Ադրբեջանի ժողովրդին տրամադրի ընդդեմ իշխանությունների, որոնք միջազգային հարթակներում մեծ հարգանք են վայելում։

Ադրբեջանցիները նորից ու նորից են ապացուցում, որ չեն տրվում սպառնալիքներին և Իրանի հեղափոխական կորպուսի՝ սահմանին իրականացրած զորավարժություններից մեկ ամիս անց հայտարարեցին Իսրայելում դեսպանություն բացելու մասին։ Մենք ուզում ենք, որ ադրբեջանցի ժողովուրդն իմանա, որ Իսրայելի և հրեա ժողովրդի համար դուք թանկ եք, և մենք վճռական ենք տրամադրված շարունակելու մեր ռազմավարական գործընկերությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսրայելցի պատգամավորները չեն շրջանցել նաև նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված պրոհայկական բանաձևը, որն իրենց բոլորովին դուր չի եկել․ «Ֆրանսիայի Սենատի նոյեմբերի 15-ի բանաձևը, որը կոչ է անում ԵՄ-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և էմբարգո դնել գազի և նավթի գնման համար, Իրանի հետ ձեռք ձեռքի տված նույն խաղն է և միտված է թուլացնել Ադրբեջանը, որն այսօր օրինակ է հանդիսանում իր առաջադեմ շիա մահմեդական բնակչությամբ, որը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի և արևմուտքի հետ։ Մենք հույս ունենք, որ Սենատը կվերանայի իր այդ որոշումը»։

Հիշեցնենք, որ Իսրայելը 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո շարունակ զինել և զինում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, այսօր էլ Արցախի բռնազավթված տարածքներում՝ մասնավորապես Կովսականում, «խելացի գյուղեր» կառուցելու անվան տակ հետախուզական ցանցեր է ստեղծում, ինչի մասին բազմիցս հայտարարել է Իրանը։