Հերթը հասավ բռնազավթված Արցախի գոհարին՝ Գանձասարին

0

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթի բռնազավթման գործընթացը։ Հերթը հասել է բռնազավթված Արցախի գոհարին՝ Գանձասարին։

13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։

Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 14-րդ դարի վերջերից մինչեւ 1815-ը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։

2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից եւ հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում եւ, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չի ունեցել։