Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ վերջերս Բաքու և Երևան կատարած այցերը, հայտարարել է, որ «երկիրը բոլոր հնարավորությունները կգործարկի Հարավային Կովկասում անվտանգությունն ամրապնդելու համար»։
Ինչպես նշել է Բաղային, Ահմադիանի այցը նախապես ծրագրված էր, և դա պետք է դիտարկել Իրանի համար Հարավային Կովկասի կարևորության համատեքստում: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց երրորդ ուժերի միջամտության:
Պաշտոնյայի խոսքով` խնդիրը շատ առումներով կարող են լուծել «3+3»-ի պես ձևաչափերը՝ Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ (Թբիլիսին առայժմ հրաժարվում է հանդիպումներին մասնակցելուց)։ Ձևաչափի շրջանակում արդեն 3 հանդիպում է կայացել։