Իրանի ԻՀՊԿ ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է «կարմիր գծերի» մասին

84

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։

«Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է մեր թանկագին ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»,- հայտարարել է Պակպուրը։

Նա ընդգծել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին, երկրի այդ տարածքները պաշտպանելու համար:

Հրամանատարը նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար:

Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ: