Վրաստանում դատում են քարտեզագիրներին, որոնց մեղքով Դավիթ Գարեջիի վանքը պիտի անցներ Ադրբեջանին

199

Վրաստանում շարունակվում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամների դատավարությունը, որոնք մեղադրվում են քարտեզներ թաքցնելու մեջ։ Գրում է News.am-ը։

Հիշեցնենք, որ խոսքը քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլիի եւ Նատալյա Իլյիչեւայի մասին է։ 2020 թվականի հոկտեմբերին պետական փորձաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն առաջնորդվել են 1970-80 թվականներին հրապարակված քարտեզներով, ինչը կասկածի տակ է դնում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելությունը։ Մելաշվիլին եւ Իլյիչեւան մեղադրվում են վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովում աշխատելու ժամանակ 1937-1938 թվականների քարտեզը թաքցնելու մեջ, ինչի պատճառով Վրաստանը կարող էր զրկվել իր տարածքի 3,5 հազար հեկտարից, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասից։ Քննության տվյալներով՝ նրանք հանցագործությունը կատարել են «վերադաս պաշտոնյաների ցուցումով»։ Դավիթ Գարեջիի վանքը փորագրված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող լեռան մեջ։ Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում են սահմանազատում կատարել այդ տարածքում: Այլ տարածքների հետ ամբողջ վանական համալիրը փոխելու Վրաստանի առաջարկը մերժվել է Բաքվի կողմից, որը հայտարարել է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն: Վիճելի է վանական համալիրի միայն մի փոքր հատվածը։

Դատախազները պնդում են, որ անբարենպաստ քարտեզն օգտագործվել է 2006-07 թվականներին սահմանի որոշ հատվածների սահմանազատման համար: Հանցակիցներին սպառնում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում։ Մեղադրյալ քարտեզագիրներ Մելաշվիլին եւ Իլյիչեւան կալանավորվել են 2020 թվականին, իսկ 2021 թվականին գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Մելաշվիլին քրեական գործն անվանել է անհեթեթ եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Հունիսի 13-ին հարցաքննվել են երեք վկաներ, այդ թվում՝ Ադրբեջանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Գումբարիձեն։ Դեսպան Գումբարիձեն դատարանում հայտարարել է, որ չի մասնակցել քարտեզագրման աշխատանքներին։ Դատախազությունը մտադիր է հարցաքննել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ չի բացառել նրա մասնակցությունը գործին։

Ադրբեջանում այն տարածքը, որի վրա գտնվում է «Քեշիկչի Դաղը» (այսպես են անվանում վանքը Ադրբեջանում), հայտարարված է ադրբեջանական ժողովրդի պատմական սեփականություն, իսկ վանքը, ըստ Բաքվի պատմաբանների, կառուցվել է Կովկասյան Ալբանիա պետության ժամանակաշրջանում։