Վրաստանում առաջարկում են բացել ամերիկյան ռազմաբազաներ Արցախի պատերազմի հետևանքով

0

Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շավլա Նաթելաշվիլին կոչ է արել անհապաղ Վրաստանում բացել ամերիկյան ռազմական եւ ռազմածովային բազաներ եւ դրանցում տեղակայել միջուկային-տիեզերական սպառազինություններ։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։

Ըստ հրապարակման, նախօրեին ելույթ ունենալով բրիֆինգի ժամանակ, նա նկատել է, որ այդ քայլը անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի պետականությունը, ինքնիշխանությունը եւ ազատությունը հանկարծ չդրվի ռեգիոնի աշխարհաքաղաքական պայթյունների զոհասեղանին։ «Ղարաբաղյան պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական պայթյունները մեր ռեգիոնում կարող են շարունակվել այդքան երկար, եւ մի գեղեցիկ օր կարող է զոհասեղանին հայտնվել վրացական պետականությունը, ազատությունն ու սուվերենիտետը։ Այդ իրավիճակից կա ելք՝ անհապաղ Վրաստանում բացել ԱՄՆ ռազմական եւ ռազմածովային բազաներ եւ այնտեղ տեղակայել միջուկային-տիեզերական սպառազինություններ։ Դա հիանալի դաս կլիներ ռեգիոնալ կայսրությունների համար, որոնք ցանկանում են Վրաստանին ներքաշել ռեգիոնալ հակամարտությունների մեջ»,- մասնավորապես ասել է Նաթելաշվիլին։ Նա նաեւ հավելել է, որ դրանից հետո նոր Վրաստանում նոր ներդրողներ կգան եւ կբացվեն նոր աշխատատեղեր։