Վրաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչու չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

493

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է, թե ինչու է իր երկիրը հրաժարվել միանալ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին։

Նա ասել է, որ եթե Վրաստանը միանար այդ սանկցիաներին, ապա մեծ հարված կհասցվեր վրացական գինեգործությանը, արտահանողներին եւ ֆերմերային տնտեսություններին, կտուժեր տուրիզմը, իսկ դա կհարվածեր երկրի ազգային շահերին։

«Երբ խոսք է գնում պատժամիջոցների մասին, հազարավոր գինեգործներ, արտահանողներ, ֆերմերներ դիմում են ինձ։ Ինչ են նրանք պահանջում ինձանից։ Միթե այն, որ ես իմ ժողովրդին տանեմ պատժամիջոցների։ Հետեւաբար այդ ավելորդ էմոցիաները ոչինչ չեն տալու, եւ վնասելու են մեր ազգային շահերին»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանից Ռուսաստան գյուղարտադրանքի արտահանումը հասել է 2 մլրդ դոլարի, այլ արտադրանքներինը՝ 3 մլրդ դոլարի։ Տուրիզմի շնորհիվ վերջին հինգ տարում Վրաստանը վաստակել է 3 մլրդ դոլար եւ ավելի քան 5 մլն ռուս տուրիստ է այցելել Վրաստան։