Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է «3+3» ձևաչափին մասնակցելու պատրաստակամության մասին լուրը

46

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Վրաստանի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է «3+3» ձևաչափին մասնակցելու Թբիլիսիի պատրաստակամությունը։

Զալկալիանին մեկնաբանել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը «3+3» ձևաչափի ստեղծման մասին, որին ենթադրվում է, որ կմասնակցեն մի կողմից՝ ՀՀ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը, մյուս՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։

«Ցավոք, սոցցանցերում առանձին անձինք սխալ են մեկնաբանում Վրաստանի ԱԳ նախարար հոկտեմբերի 7-ին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը։ Միտումնավոր տեղեկություն է տարածվում, թե իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունն այսպես կոչված «3+3» ձևաչափին»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն մեջբերում է արել Զալկալիանիի հարցազրույցից, որտեղ վերջինս հայտարարում է, որ այն պայմաններում, երբ Թբիլիսին չի տեսնում «որևէ գործընթաց՝ ուղղված դեօկուպացիային», շատ բարդ է նման ձևաչափով նստել և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին․ գրում է Interfax.ru-ն։

«Վրաստանը պետք է մասնակցի մեծ աշխարհաքաղաքական նախագծերին, սակայն, ոչ պետական շահերի կամ ինչ-որ զիջումների հաշվին։ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են»,- Զալկալիանիի խոսքն է մեջբերել Վրաստանի ԱԳՆ Ռազմավարական կոմունիկացիաների դեպարտամենտը։