Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանցիները «ծպտյալ հայ» չեն հռչակի անձամբ Բաքվի բռնապետ Ալիևին. իրանագետ

0
Իլհամ Ալիև

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից հատկապես միջազգային լսարանի համար տարածվող առասպելն այն մասին, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում ապրում է 30 հազար հայ, երկսայրի սուր է պատերազմական պայմաններում բարձրակետին հասած հայատյացության պայմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիրն այն է, որ եթե արտաքին լսարանում, մեղմ ասած, չեն հավատում նմանօրինակ կեղծիքի, ապա ներքին լսարանը «մեծաթիվ» հայերի մասին առասպելը փորձում է բացատրել այն հանգամանքով, որ հայկական ծագումը թաքցնող պաշտոնյաներ կան հենց Բաքվի բռնապետի իշխանական համակարգում, որոնք էլ հովանավորում են «իրենց արյունակիցներին»:

Ընդ որում, ադրբեջանական հասարակության մեջ մերթընդմերթ նաև սոցիալական ցանցերի տիրույթ սպրդող անթեղված տրամադրություններ կան առ այն, որ Բաքվի բոլոր անհաջողությունները՝ այդ թվում նաև ռազմական տիրույթում, պայմանավորված են հենց իշխանության մեջ ծպտված իբր հայերի առկայությամբ։

Ընդ որում, եթե Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման նշված անհաջողությունները սկսեն ձեռք բերել շարունակական բնույթ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական հասարակության կողմից «ծպտյալ հայ» կամ «հայկական արյուն ունեցող» չի հռչակվի անձամբ ինքը՝ նորին ստորություն Բաքվի բռնապետը։