Թուրքերը Անիում կվերաբացեն Մանուչեի մզկիթը

64

Թուրքիայի իշխանություններն օգոստոսի 16-ին կվերաբացեն Անիում գտնվող Մանուչեի մզկիթը, որը վերանորոգվում էր վերջին տարիներին։ Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։

«Մանուչեի մզկիթը կբացվի [թուրքերի կողմից] Անիի նվաճման 957-ամյակի կապակցությամբ»,- Demirören News Agency-ին հայտարարել է Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքյուզը։ Նա հավելել է, որ, վերանորոգումից զատ, 35 մասնագետներից բաղկացած խումբն այդտեղ պեղումներ է անում։ Ամռան վերջում էլ կսկսվի մզկիթի ներքին սրահի հարդարման աշխատանքները։

Հայկական աղբյուրները նշում են, որ ի սկզբանե այն մզկիթ չի եղել։ Շինությունը կառուցվել է Բագրատունիների օրոք՝ 10-11-րդ դարերում՝ որպես քաղաքային մաքսատան կամ պահակատան շենք։ Շադդադյանների ամիրայական տոհմը նվաճելով Անին՝ 1072 թվականին շենքի հյուսիսային անկյունի հին աշտարակի տեղում կառուցել է ութանիստ, ներսից պտուտակաձև աստիճաններով մինարեթ և, նորոգելով շենքի վերին հարկը, այն հարմարեցրել մզկիթի։

Թուրքական կողմն էլ նշում է, որ մզկիթը կառուցվել է Անիի կառավարիչ Մանուչեի կողմից, որին նշանակել էր սելջուկ սուլթան Ալփարսլանը։