Թուրքիայի ընդդիմությունը Ռուսաստանին մեղադրում է ընտրություններին միջամտելու մեջ․ Էրդողանն արձագանքել է

115

Թուրքիայի ընտրությունների նախաշեմին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Ինչպես հայտնի է հիմնական մրցակիցներն են Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ըստ սոցհարցումների՝ մրցակիցների տոկոսային տարբերությունը շատ չնչին է, ինչը ստիպում է կողմերին էլ ավելի կոշտ ձևակերպումներով հանդես գալ։

Մասնավորապես այսօր, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ «Մոսկվան պետք է դադարեցնի իր միջամտությունը Թուրքիայի ընտրություններին»։ Նա թվիթերյան այդ գրառումն անգամ ռուսերեն լեզվով է հրապարակել։

Ինչին անմիջապես հետևել է Էրդողանի արձագանքը, ով իր հակառակորդին ամոթանք է տվել Թուրքիայի ընտրություններին ենթադրյալ «ռուսական միջամտության» մասին հայտարարությունների պատճառով։

Ռուսական կողմը ևս շտապել է անդրադառնալ հարցին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ժխտել է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքներն ուղղված Ռուսաստանին. «Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին քաղաքականությանը»։

Չի ուշացել նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ժխտումը. «Ընդդիմությունը, գիտակցելով ընտրությունների մոտալուտ պարտությունը, սկսեց իր պարտության մեջ մեղադրել կա՛մ մեկին, կա՛մ մյուսին այն նույն մեթոդներով, որ իրեն հանձնարարել է Արևմուտքը»։

Նշենք, որ օրերս Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ եթե իրենք հաղթեն, ապա կմիանան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։