Թուրքիան Արցախի բռնազավթված տարածքներում ներդրումներ կանի

56
Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Բաքվում Դյոնմեզի արած հայտարարություններից պարզ է դարձել, որ իրենք նպատակ ունեն Ադրբեջանի օկուպացրած արցախյան տարածքներում կանաչ էներգիայի զարգացման նախագծեր իրականացնել:

Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։

Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև բնական գազի շրջանառության ավելացման շուրջ:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Արցախի բռնազավթված տարածքում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար և այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան և բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։