Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի ռազմական ներգրավվածությանը:
«Այն, ինչ չի կարողացել անել 100 տարի առաջ, երբ Համաշխարհային պատերազմն ավարտվեց, և Թուրքիան պարտվող կողմում էր»,- ասել է Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմարշավում Թուրքիայի գործողությունները բնութագրելիս:
Ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում՝ քաղաքական գործիչը մատնանշել է նաև, որ Թուրքիային կասկածում էին Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների խմբերին վերջնականապես վերացնելու գործողություններին խոչընդտելու մեջ:
«Պարզվում է, որ Թուրքիան ինքն է պաշտպանում այդ ահաբեկիչներին և գրոհայիններին, որպեսզի հետագայում նրանց տեղակայի Լիբիայում, որտեղ իր խաղն է սկսել, և մեր դեմ: Իսկ այժմ արդեն տեղակայել է Ադրբեջանում»,- շեշտել է Ժիրինովսկին:














