Թուրքիայում Ադրբեջան զորք ուղարկելու մասին որոշում է ընդունվել․ Ռազմինֆո

0
Թուրք զինվոր

Նոյեմբերի 17-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն Ադրբեջան զորք ուղարկելու մասին։ Թուրքիայում կրկին պնդում են, որ դրանք տեղակայվելու են «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Այս մասին հայտնում է Razm.info-ն։

Որոշման ընդունման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ «Լավ» կուսակցության (Iyi Parti) անդամ Աբդուլ Ահաթ Անդիջանը ասել է, որ «Թուրքիայի կողմից ստեղծվելիք դիտակետերում պետք է տեղակայվեն ԱԹՍ֊ներ, որոնք կղեկավարվեն, և որոնց տված արդյունքները կվերլուծվեն Թուրքիայի ԶՈւ սպաների կողմից։ Այդ դիտակետերը պետք է որոշակի ֆունկցիա ունենան»։

Նշենք, որ նախօրեին ռուսական կողմը կրկին հերքել էր տեղեկությունը, թե թուրքական զորքն Արցախի տարածքում է տեղակայվելու։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ թուրքական զորքը լինելու է Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս֊թուրքական մշտադիտարկման կենտրոնում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանին «Ադրբեջանի զորք ուղարկելու մասին» Էրդողանի ստորագրությամբ որոշումը ներկայացվել էր երեկ՝ նոյեմբերի 16-ին։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

Ըստ թուրքական կողմի՝ համատեղ կենտրոնի հստակ տեղը ևս Ադրբեջանն է որոշելու։ Նշվում է, որ թուրքական կողմից մեկնելու են Թուրքիայի ԶՈւ, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձնակազմ։

Ըստ որոշման՝ խորհրդարանից հայցվում էր անձնակազմն Ադրբեջան ուղարկել 1 տարի ժամկետով։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Պուտինը ևս հաստատեց, որ կենտրոնը կիրառելու է ԱԹՍ-ներ Ղարաբաղի իրավիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար։