Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերակառուցմանը

140
ՌԴ ԱԳՆ

Ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերակառուցմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ ռուսական տնտեսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների «հետկոնֆլիկտային» վերակառուցմանը:

Հետաքրքիր է՝ ինչ նկատի ունի Զախարովան, այսինքն երբ հակամարտությունը կկարգավորեն նոր միայն ռուս տնտեսվարողները կհայտնվեն Արցախի բռնազավթված տարածքներում, թե նա արդեն կոֆլիկտը լուծված է համարում, և արդեն իսկ թևակոխել են իբր թե «հետկոնֆլիկտային» փուլ։

Զախարովան մասնավորապես ասել է․ «Այս տարվա հուլիսի 23-ին տնտեսական զարգացման փոխնախարարի գլխավորած գործարար առաքելությունը համագործակցության հեռանկարները որոշելու նպատակով գտնվում էր Բաքվում: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։

Այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության եւ համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում  (Ջրական) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի եւ Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։ Մենք, անշուշտ, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնմամբ եւ նման համատեղ աշխատանքը որպես Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների կարեւոր բաղադրիչ ենք դիտարկում: Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։