Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարները հեռախոսազրույց են ունեցել

73

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Անդրադարձ է արվել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները վերսկսվելու են նոյեմբերի 29-ին։

Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և Հարավային Կովկասում: