Պուտին, հեռացի՛ր», «Թուրքիա, արի՛»․ Ադրբեջանում դժգոհ են ռուս խաղաղապահների տեղակայումից

0

Ադրբեջանում այնքան էլ միանշանակ չի ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Մինչ Իլհամ Ալիևն այն ներկայացնում է որպես  հաղթանակ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը  զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության մեջ հարցեր ու դժգոհություն է առաջանում։ Մասնավորապես, նախօրեին Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել «Շեհիդների պուրակում», որի մասնակիցները պահանջել են ռուսական զորքի հեռացում։

Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Ուկրաինայի դրոշներով ցուցարարները «Պուտին, հեռացի՛ր», «Թուրքիա, արի՛» կարգախոսներ են հնչեցրել։ Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց նմանատիպ մի քանի ակցիա անցկացվեց։ Այդ ժամանակ նրանք կրկին պահանջում էին, որպեսզի Ռուսաստանը հեռանա Ադրբեջանից ու երկրում մնա թուրքական բանակը։ Հիմա էլ, երբ ռուս խաղաղապահները տեղակայվում են ԼՂ-ում, Ադրբեջանում մի շարք քաղաքական գործիչներ, փորձագետներ շարունակում են մենկաբանել տեղի ունեցածը։ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդական ճակատը», հայտարարությամբ է հանդես եկել և դեմ արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

«Մենք վճռականորեն բողոքում ենք Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման դեմ, առանց մեր երկրի ինքնիշխանության սահմանափակման, առանց ադրբեջանցի ժողովրդի դիրքորոշումն ու շահը հաշվի առնելու»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, նշվում է, որ ռուսական ԶՈՒ-ն «գաղտնի կերպով գիշերով մուտք է գործել Ադրբեջանի սուվերեն տարածք՝ առանց ադրբեջանցի ժողովրդի ու խորհրդարանի համաձայնության, առանց հանրային քննարկման, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կարծիքն հաշվի առնելու»։

Նրանք կարծում են, որ խաղաղապահ զորախմբի ներառումը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային շահերի համար և հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը։ «Մեր բանակի հաղթական երթը դադարեցնելու և Ռուսաստանի բանակն Ադրբեջան հրավիրելու՝ ղեկավարության որոշումը արդարացի դժգոհություն և բողոք է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ»,- ասվում է «Ժողովրդական ճակատի» հայտարարության մեջ: Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ դեմ է արտահայտվում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

«Ռուս խաղաղապահների տեղակայումը մեր տարածքում թուլացնում է բոլոր առավելությունները։ Համաձայնագրի կետերի խախտման դեպքում, եթե մենք ուզենանք դրա առանձին մասերը կամ համաձայնագիրն անվավեր ճանաչել, ռուս խաղաղապահների ներկայությունը լուրջ խոչընդոտ կլինի մեր երկրի վճռական գործողության համար»,- ասվում է հայտարարությում։ Նշվում է նաև, որ ըստ օրենքի՝ ռուս խաղաղապահները կարող են գտնվել միայն խորհրդարանի համաձայնությամբ, որը փաստացի չկա։ «Օտարերկրյա բանակի մուտքը մեր երկիր՝ առանց նման որոշման, նշանակում է օկուպացիա»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տարբեր գործիչներ էլ իրենց հերթին են սոցցանցային գրառումներով, տեսաուղերձներով դժգոհում ռուս խաղաղապահների տեղակայման դեմ։ Մասնավորապես, ադրբեջանցի հայտնի բլոգեր, պատմաբան Ալթայ Գեյուշովը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ. «Պատերազմ ուզել, իսկ հիմա հառաչել ռուսական բանակի մուտքի կապակցությամբ՝ հիմարություն է, իսկ որոշ դեպքերում՝ անբարեխղճություն: Դիմում եմ այդպիսի մարդկանց: Ձեզ համար նորությո՞ւն էր, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և հողերը բռնազավթված էին Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ: Չգիտեի՞ք այդ մասին: Բնականաբար, գիտեիք: Հենց Ռուսաստանի ներգրավվածության մեծ հավանականությունն էր պատճառը, որ մինչև հիմա պատերազմ չէր լինում: Այս մասին ևս չգիտեի՞ք։ Բնականաբար, գիտեիք»։