Մի քանի շաբաթ առաջ Պակիստանից գրոհայիններ են մեկնել Ղարաբաղ․ Կոմերսանտ

5

Ռուսական «Կոմերսանտ» թերթը, հավաստի աղբյուրներին հղում տալով, գրում է, որ Պակիստանի Փեշավարից «մի քանի շաբաթ առաջ գրոհայինների առնվազն մեկ խմբավորում, զենքով և զինամթերքով, արդեն ուղարկվել է Ղարաբաղ»։ Հայտնում է Panarmenian.net-ը։

Պարբերականի հետ զրույցում Աֆղանական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն ասել է, որ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայությունները դա անում են ոչ պաշտոնապես, այլ այնպես, ինչպես սովորել են Աֆղանստանի և Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմի երկար տարիների ընթացքում։ Նրանք գործի են դնում Պակիստանի Միջգերատեսչական հետախուզության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը։ Խոսքը «Ջամահաթ ի Իսլամի», «Ջաիշ ի Մուհամեդ», «Ալ Բադր» կազմակերպությունների մասին է։

Պարբերականը նշում է, որ, կտրականապես ժխտելով ԼՂ հարցում ռազմական գործակցությունը, Բաքուն և Իսլամաբադը չեն թաքցնում, սակայն, որ քաղաքական և դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում միմյանց։

Դա հաստատում է ԱՄՆ մեկնելուց առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Կուրեշիի հետ։ Պակիստանի ԱԳՆ-ն «լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»։