Մի խումբ ռուս պատգամավորներ ու քաղաքագետներ այցելել են բռնազավթված Շուշի և ադրբեջանցիների հետ կոնֆերանս անցկացրել

1303

ՌԴ-ից խորհրդարանականների, քաղաքագետների, պատմաբանների ու այլ փորձագետների պատվիրակություն է այցելել Արցախի բռնազավթված Շուշի քաղաք։ Հաայտնում է Factor.am-ը՝ հղումանելով ադրբեջանական լրատվամիջոցների։

Ըս այդմ՝ ռուսական պատվիրակությանն ուղեկցել են ադրբեջանցի գործընկերները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Միլի Մեջլիսի պատգամավորներ։ Նախ ժամանել են Արցախի բռնազավթված Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան, հետո այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհն» են ուսումնասիրել։

Ռուսական պատվիրակության անդամներն այնուհետ մեկնել են Շուշի, որտեղ էլ նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Խաղաղության ամրապնդման հիմնախնդիրները Կովկասյան տարածաշրջանում» առաջին միջազգային համաժողովը։ Զեկույցներով են հանդես եկել ինչպես ռուս պատվիրակները, այնպես էլ նրանց ադրբեջանցի գործընկերները։ Նշենք, որ ռուսական պատվիրակության կազմում հայկական Շուշի են այցելել Ռուսաստանում Ադրբեջանի հայտնի լոբբիստներ՝ քաղաքագետ Սերգեյ Մարկովն ու «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ի դեպ, վերջինս Շուշի հայկական եկեղեցիներն ակտիվորեն ներկայացնում է որպես ուղղափառ։ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ հայտնի նաև որպես Կանաչ Ժամ, Ժուրավլյովը, որն այս տարի փետրվարին Ադրբեջան և Արցախի գրավյալ տարածքներ էր այցելել, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել էր որպես «հայերի կողմից օկուպացված ռուսական եկեղեցին»: Հայկական Շուշին են այցելել նաև ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, թուրք-ադրբեջանցի հայտնի լոբբիստ Լեոնիդ Սլուցկիի օգնական Իբրահիմ Մալսագովը, հրապարակոս, լրագրող Դիոնիս Կապտարը, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վորոնինը, Ժամանակակից պետականության զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դարիա Գրևցովան, փիլիսոփայության թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կրթության փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ելենա Բրիզգալինան, այլ գործիչներ։