Մենք ամեն ինչ կանենք Ադրբեջանին ուժեղացնելու համար․ դուք մեզ ասեք՝ որտեղ ենք ձեզ պետք, և մենք կլինենք այնտեղ․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան

64

Օրերս Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն ինչ կանեն Ադրբեջանին ուժեղացնելու համար, որպեսզի իր դեմ ուղղված սպառնալիքները կարողանան կանխել։

Դիքն առանց թաքցնելու խոստովանել է, որ Իսրայելը մեծապես աջակցել է Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա նաև շեշտել է, որ ավելի քան 150 ադրբեջանցի զինվորական վիրահատվել է Իսրայելում։

«Այս պահին Ղարաբաղը մեծ պրոյեկտ է Ադրբեջանի համար։ Երկար տարիներ պետք կլինեն այն վերականգնելու համար։ Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր պատրաստակամությունն ենք հայտնել Ղարաբաղում մեր կարողությունները ներդնելու հարցում։ Իսրայելական մի ընկերություն Կովսականում խելացի կաթնամթերքի ֆերմա է հիմնել։ Մյուս ծրագրերը, որոնցում մենք ներգրավված ենք կամ քննարկում ենք այնտեղ մասնակցելու համար, վերաբերում են ջրային տնտեսությանը, վերականգնվող էներգիային, անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներին: Մենք ներկայացրել ենք նաև խելացի քաղաքների վերաբերյալ համագործակցության որոշ հնարավորություններ և սպասում ենք արձագանքին։ Մենք Ադրբեջանի մեր գործընկերներին ասում ենք՝ «դուք մեզ ասեք՝ որտեղ ենք ձեզ պետք, և մենք կլինենք այնտեղ»,- ասել է դեսպանը։

Խոսելով Հարավային Կովկասում Ադրբեջանի հարևանների մասին՝ Դիքը չի վարանել առանց անուններ նշելու մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հարևանների հասցեին․ «Ադրբեջանն ապրում է բարդ հարևանությամբ, ովքեր չեն վարանում սպառնալ իրեն, այնպիսի հարևան երկրների կողքին է ապրում, որոնք բացահայտ կամ քողարկված սպառնում են նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը: Մենք՝ որպես ընկերներ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուժեղացնենք մեր գործընկերոջը՝ Ադրբեջանին, ցանկացած ուժերի կողմից իրեն ուղղված սպառնալիքը կանխելու համար։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել երկու երկրների անվտանգության գործընկերության մասին»:

Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իսրայել պաշտպանական ոլորտում համագործակցությանը, նա հիշատակել է մի քանի ամիս առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Ադրբեջան կատարած անսպասելի այցը. «Պարոն Գանցի այցի նպատակի մասին կարող եմ ասել, որ սովորաբար պաշտպանության նախարարների այցերը անակնկալ են լրատվամիջոցների համար։ Որովհետև մեր նախարարների այցերը ոչ թե ցուցադրական, այլ միայն վերնագրերի համար են, շատ կետեր կան քննարկելու։ Այցի իրական նպատակը մեր համագործակցության էության քննարկումն էր։ Ցավոք սրտի, ես չեմ կարող բացահայտ խոսել նման հարցերի մասին, բայց կարող եմ ասել, որ Իսրայելի համապետական ընտրություններից օրեր առաջ ցանկացած քաղաքական գործչի համար շատ դժվար է դուրս գալ ընտրարշավից և մեկնել օտար երկիր։ Եթե ​​դա անում է պաշտպանության նախարարը, ուրեմն այդ այցը շատ կարեւոր էր իր և մեր երկրների համար»։

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Դիքը նշել է, որ իրենք դիվանագիտական հարաբերություններ ունեն Հայաստանի հետ․ «Բայց բոլորը գիտեն, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները յուրահատուկ են, խորը և ռազմավարական։ Եվ այդպես էլ շարունակվելու են»։