Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու կառուցումը։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն:
Նա նշել է, որ Նախիջեւանի միջոցով Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հարցը քննարկվել է Ադրբեջանի փոխվարչապետի վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում: «Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծման մանրամասները համաձայնեցվել են: Ադրբեջանը դեպի Նախիջեւան երկաթուղու շինարարությունը նախատեսում էր սկսել 2021 թվականի դեկտեմբերին, բայց քանի որ ճանապարհն ավելի արագ կավարտվի, երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել դրա ավարտից անմիջապես հետո»,- ասել է նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Մենք նաեւ պայմանավորվել ենք Կարսից Նախիջեւան մեր երկաթգիծը (Իգդիրի շրջանում, Դիլուչուի սահմանային դարպասը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ) մինչեւ Դիլուչու երկարացնել: Դա թույլ կտա Ադրբեջանի հետ կապ հաստատել ոչ թե Վրաստանի, այլ Նախիջեւանի միջոցով»,- ասել է Կարաիսմայիլօղլուն: