Կայացել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը․ հայտնի է՝ ինչ են քննարկել

83

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես` կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման եւ տրանսպորտային հաղորդակցությունների հետ, քննարկվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «տեղի է ունեցել մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումների, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստման վերաբերյալ, որը նշվելու է 2022 թվականին»:

Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ: