Իրանը Հայաստանի հետ անվտանգային համագործակցության փաստաթուղթ է ստորագրել. ԻՌՆԱ

69
Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարի անվտանգային հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը ստորագրել է անվտանգային համագործակցության 11 փաստաթուղթ տարբեր պետությունների հետ:

Գրել է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանը ստորագրել է անվտանգային և իրավապահ համագործակցության շուրջ 11 փաստաթուղթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության , Տաջիկստանի Հանրապետության, Ղըրղըզական Հանրապետության (Ղըրղըզստան), Պակիստանի Իսլամական Հանրապետության, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Իրաքի Հանրապետության ու Հայաստանի, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ:

Իրանի ներքին գործերի փոխնախարարը նաև նշել է, որ հարևան երկրների հետ անց են կացվել անվտանգության շուրջ 27 համատեղ կոմիտեներ և աշխատանքային խմբեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ։

Նշենք, որ ո՛չ ՀՀ ոստիկանության, ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարության, ո՛չ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքերում որևէ տեղեկություն չկա Իրանի հետ անվտանգությանն առընչվող որևէ փաստաթղթի ստորագրման մասին, ոչ էլ հայտնի է փաստաթղթի բովանդակությունը։