Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ըստ իրանական կողմի, երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային հարցեր, գրում է «Ազատությունը»։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կխթանեն տարածաշրջանում «խաղաղությանն ու անվտանգությանը»:
Ռայիսին նաև շեշտել է՝ Թեհրանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն և աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Էբրահիմ Ռայիսին։
Աղբյուրի համաձայն՝ Ռայիսին ընդգծել է նաև հայ-իրանական հարաբերությունների բարելավման կարևորությունը և հավելել, որ այդ հարցում Թեհրանը որևէ խոչընդոտ չի տեսնում։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գնահատելով Իրանի դիրքորոշումները կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և մշտապես շեշտը դնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնման վրա», – ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում: