Իրանի ցանկանում է մասնակցել Արցախի բռնազավթված տարածքների վերականգման և ականազերծման աշխատանքներին

62

Իրանական ընկերությունները ցանկանում են մասնակցություն ունենալ Արցախի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների վերականգնման աշխատանքներին:

Ըստ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության՝ նման հայտարարություն արել է Իրանի արտգործնախարար Հոսյեն Ամիր-Աբդոլլահիյանը` Բաքվում Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Իրանը ցանկանում է մասնակցություն ունենալ քաղաքների և շրջանների վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև կիսվել շինարարության և տրանսպորտային հարցերում ունեցած փորձով: Մենք պատրաստ ենք ընդլայնել գործակցությունն Ադրբեջանի հետ: Այդ ուղղությամբ մենք նախարար Բայրամովի հետ համաձայնության ենք եկել արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, ինչը կօգնի համատեղ նախագծերի իրականացմանը»,- ասել է Ամիր-Աբդոլլահիյանը:

Իր հերթին Բայրամովն ասել է, որ Իրանի պետական և մասնավոր ընկերություններից բազմաթիվ առաջարկներ են ստացել բռնազավթված տարածքների վերականգման նախագծերին մասնակցելու վերաբերյալ:

«Այս պահին իրականացվում է այդ առաջարկների և նախագծերի գնահատում: Ըստ ստացված տեղեկության՝ այդ նախագծերից որևէ մեկով մեկնարկ կտրվի առաջիկա շաբաթներին, հույս ունեմ, որ մյուս նախագծերով նույնպես դրական արդյունքներ կլինեն»,- ասել է Բայրամովը:

Նա նաև նշել է, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել են նաև Արցախի բռնազավթված տարածքների ականազերծման հարցում գործակցության հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները համապատասխան կառույցների մակարդակով: Իրանական կողմն այդ ոլորտում հարուստ փորձ ունի, մենք օգնության կարիք ունենք, քանի որ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքը աշխարհի ամենաականապատված տարածքներից մեկն է»,- ասել է Բայրամովը: