Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը. Իրանի ԱԳՆ

61

Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, գրում է «IRNA» գործակալությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստություն առաջացնող» լուսանկարների մասին։

Ըստ պաշտոնյայի՝ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա, և կողմերին կոչ է արել պահպանել միջազգային կանոնները։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինվորականները հայ զինծառայող են գլխատել: Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ զինվորականներից մեկը զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը իրենց մոտ է, և որ նրանք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը հայտվել է նրա սոցցանցի էջում: