Իրանն ու Ադրբեջանը նավթագազային ոլորտում համագործակցության նոր համաձայնագրեր կստորագրեն

62

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին եւ Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել են առաջիկայում նավթագազային ոլորտում Թեհրանի ու Բաքվի միջեւ համագործակցության մասին նոր փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, հաղորդում է Shana-ն:

Ջավադ Օվջիի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հետ կայացել է կառուցողական հանդիպում եւ ձեռք են բերվել «լավ պայմանավորվածություններ»: Նա նշել է, որ հաշվի առնելով այդ հնարավորությունները՝ Իրանն ու Ադրբեջանը կարող են արդյունավետ համագործակցել միմյանց հետ՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի լավ հնարավորություններ նավթագազային ոլորտում:

Իրանցի նախարարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանից դեպի Թուրքմենստան գազի մատակարարման մասին: «Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Նախիջեւանին գազի մատակարարումների հարցում»:

Օվջին նշել է, որ Կասպից ծովում նավթային եւ գազային հանքավայրերի շահագործումը եւս մեկ առարկա է Ադրբեջանի պատվիրակության հետ բանակցությունների համար: «Այդ հարցի շուրջ առաջին բանակցություններն անցկացվել են, եւ երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները շարունակում են երկխոսությունը»:

Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի հետ կստորագրվեն համաձայնագրեր նավթի, գազի եւ Կասպից տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի շահագործման ոլորտում: