Իրանցի գեներալը խոսել է Ղարաբաղի հարցի և կարմիր գծերի մասին

146
Կիումարս Հեյդարի

Զինված ուժերը կանեն հնարավորը սահմանային շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը:

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ բրիգադային գեներալն ասել է, որ Իրանը հորդորում է երկու կողմերին էլ լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և որևէ ուժի չի թույլատրվում փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», – նշել է Հեյդարին:

Գեներալի խոսքերով՝ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք առավելագույն ջանքեր կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:

«Զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար, և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը։ Մեր կարմիր գիծը մարդկանց անվտանգության, խաղաղության և հարմարավետության ապահովումն է», – շեշտել է Կիումարս Հեյդարին:

Ցամաքային զորքերի հրամանատարը հետագայում նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին:

Ընդգծելով տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, բրիգադային գեներալ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի թե՛ հարևան Ադրբեջանի, թե՛ հարևան Հայաստանի հետ, և մենք խորհուրդ ենք տալիս երկու երկրներին հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմանները և լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով»: