Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց մի քանի հրթիռ է ընկել իրանական տարածք, այնուամենայնիվ, սահմանի ամբողջ երկայնքով անվտանգությունն ապահովված է, և երկրին սպառնացող վտանգ չկա։ Հայտնել է իրանցի գեներալ Մոհամմադ Փաքփուրը։
Tasnim News գործակալության տվյալներով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դեպի իրանական տարածք հրթիռակոծությունների ֆոնին երկրի հյուսիսարևմտյան սահմանի անվտանգությունն ապահովված է:
Իրանի սահմանամերձ գյուղերում մի քանի հրթիռ ընկնելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Խոդա Աֆարին մարզի մոտակայքում գտնվող սահմանային տարածք:














