Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը տարբեր ոլորտներում պատրաստ է համագործակցել Նախիջևանի և Ադրբեջանի հետ:
Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախարար Էսլամին մեկնաբանություններ է տվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը:
Երկուստեք կողմերը քննարկել են էներգետիկ ու փոխադրումային ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Նախիջևան-Մաշհադ երկաթգիծը գործարկելու և Իրանի միջով Նախիջևանի և Ադրբեջանում այլ տարածքների միջև կապ ստեղծելու հարցը:
Թալիբովը հավելել է, որ «Իրանը և Ադրբեջանը միշտ բարեկամներ են եղել և սերտ կապեր են ունեցել»:
Թալիբովն ասել է, որ «Նախիջևանն օգտագործել է բոլոր հնարավորություններն ու կատարել բոլոր ներդրումները երկաթուղային ու ճանապարհային հատվածներում» ու հավելել, որ «երկիրը փոխգործակցություն հաստատելու հարմարություններ է ստեղծել տարածաշրջանային պետությունների համար»:
Նշենք, որ Մաշհադ քաղաքն Իրանի հյուսիս-արևելյան Ռազավի Խորասան նահանգի (սահմանակից է Թուրքմենստանին և Աֆղանստանին) կենտրոնն է։
Համաձայն իրանական «Մեհր» լրատվական գործակալության՝ մայիսի 26-ի հրապարակման Մոհամմադ Էսլամին ասել էր․ «Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին»:














