Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին․ Ադրբեջանի ՄԻԻ ղեկավար

388

«Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին: Նման գրառմամբ է հանդես եկել Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը։

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։

«Ստեփանակերտը հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,- գրել է Սահիդովը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, թե զարմանալի է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։

«Կարծես թե Հայաստանի ու սփյուռքի հայերը տեղեկացված չեն Նոյեմբերի 10֊ի հայտարարության բովանդակությանը։ Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքները աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։ Չե՞ք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,- գրել է Սահիդովը։

Հ․Գ․ Նշենք, որ ադրբեջանական կողմի քարոզիչները գրեթե ամենօրյա ռեժիմով Արցախի և Հայաստանի բռնազավթման կոչեր են հնչեցնում, ինչը շատ հաճախ որևէ արձագանք չի ստանում հայկական իշխանությունների կողմից։ Արդյուքում՝ հասարակությունն այդպես էլ չի իմանում՝ իրականում ինչ է կատարվում, արդյոք կան այլ պայմանավորվածություններ, թե սրանք զուտ ադրբեջանական հռետորաբանության տարրերն են։