Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին:
Աքարը կրկին նշել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից և երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռնված հնարավորությունը»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո, փորձելով վախեցնել Հայաստանին, Աքարը սկսել է խոսել ադրբեջանական բանակի արդիականացման մասին:
Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Ըստ Աքարի` «դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»։














