Հայաստանին ոչ ոք չի օգնելու, վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

125

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadoluiի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտնել է, իբր թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան «վստահությունը մեծացնող» քայլեր է իրականացրել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում օդային բեռնափոխադրումները։

Հետո Չավուշօղլուն անցել է զավեշտի ժանր և հայտարարել, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ «անկեղծ են», նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»։

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ակնարկելով Հայաստանին, ասել է, թե ոչ ոք ոչ Արեւմուտքից, ոչ Արեւելքից որեւէ բան չի ստանա՝ կոչ անելով Հայաստանին վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը»։

Չավուշօղլուն խոսել է նաև «Լաչինի միջանցքի» թեմայի մասին՝ ամբողջապես աջակցելով Ադրբեջանին և խնդիրը գցել խաղաղապահների վրա․ «Այստեղ գլխավոր պարտականությունը ռուսներին է։ Քանի որ իրենք են ուղիղ ձեւով պատասխանատու Լաչինի միջանցքի գործունեության համար»,–ասել է Չավուշօղլուն։