Եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը Իրանի մաս կլիներ. իրանցի պատգամավորների պատասխանն Ալիևին

138

Իրանում կոշտ են արձագանքել Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող ադրբեջանցիների մասին հայտարարություններին, որոնք Թեհրանում ընկալել են որպես Իրանում մեծաթիվ ադրբեջանական բնակչության մասին հստակ ակնարկ, գրում է Tehran Times-ը:

Օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ալիևին հիշեցրել է այն փաստը, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:

«Ադրբեջանի նախագահը դիտարկումներ է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին։

Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ:

«Թյուրք երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա մայրենի լեզվով սովորելու այն երկրներում, որտեղ բնակվում է։ Ցավոք, Ադրբեջանի սահմաններից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծամասնությունը, զրկված է նման հնարավորությունից։ Թյուրքական երկրների սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների ուսուցումը մայրենի լեզվով մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարվեն։ Ադրբեջանի պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտերկրում բնակվող ադրբեջանցիների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանությանը։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի դառը ճակատագրի բերումով Ադրբեջան պետությունից անջատված մեր հայրենակիցները պահպանեն մեր լեզուն, ավանդույթները, մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին և երբեք չխզեն կապերը իրենց պատմական հայրենիքի հետ»,- հայտարարել էր Ալիևը։

Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:

Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։

Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ալի Նիկզադը հեգնել է, որ «թոռը չի կարող ուրանալ իր պապին», և որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն անհիմն են։

Օրենսդիր Մոհամմադ Ռեզա Միրթաջուդդինին կոչ է արել միացնել Նախիջևանը: Նա Ալիևին մեղադրել է պատմություն չիմանալու մեջ:

Դիմելով Ալիևին՝ պատգամավորն ասել է. «Նկատի ունեցեք, որ Ադրբեջանն է անջատվել է Իրանից, ոչ թե հակառակը»։