Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևն իրեն պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպման դրական արդյունքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Սոչիում տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ու տևել է մոտ երեք ժամ։ Գործիչները մասնավորապես պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մեխանիզմներ, պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության բարձրացման ուղղությամբ։
«Ալիևը պատմել է, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։ Այնտեղ որոշվել է Արաքս գետի երկայնքով անցնող երկաթուղու և ավտոմոբիլային մայրուղու հարցը։ Բացի դա, կա նաև մինչև Իգդիր հասնող մայրուղու թեման. դա Նախիջևանի խնդրի լուծման, ինչպես նաև Հայաստանով անցնելու հաջող քայլ կլինի. և՛ մարդիկ կարող են անցնել, և՛ բեռներ կարելի է փոխադրել»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում, որով վերադառնում էր Թուրքիա Թուրքմենստան կատարած այցից հետո։














