Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իբր թե Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները «կարգավորելու հարցում», քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ: Հայտնում է Dailysabah-ը:
«Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա:
Էրդողանը խոսել է նաև իր առաջ քաշած տարածաշրջանային հարթակի մասին. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ բոլոր գործընթացները շարունակելու են իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: