Ինչպես արդեն այսօր հայտնել էինք, Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների գործով դատական նիստը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են կարված գործերով, մասնավորապես ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։
13 հայ գերիներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Հուլիսի 2-ի նիստին հայ գերիները ցուցմունք են տվել։ Ժորա Մանուկյանը հայտարարել է, որ նախորդ տարվա նոյեմբերին զինկոմիսարիատից ինքը ծանուցագիր է ստացել։ «Ես գնացի զինկոմիսարիատ, այնտեղ ինձ զենք տվեցին և 120 փամփուշտ։ Մեզ ասացին, որ պետք է պաշտպանենք Հայաստանի սահմանը։ Մենք մեկնեցինք ավտոբուսներով, ինչ-որ տեղ հասանք գիշերը։ Առավոտյան իմացանք, որ Բերձորում ենք։ Այնուհետ մենք անցանք խաղաղապահների մոտով։ Մեր հրամանատարը Արսեն Ղազարյանն էր։ Նա ասաց, որ որոշ ժամանակ անց կգա և մեզ կտանի այդտեղից։ Դեկտեմբերի 13-ին հրաման տվեցին իջնել ներքև։ Երբ մենք իջանք, մեզ ձերբակալեցին ադրբեջանցի զինծառայողները։ Մենք հանձնվեցինք՝ տալով մեր զենքերը»,- նշել է Ժորա Մանուկյանը։
Դավիթ Ստեփանյանը ևս նույն ցուցմունքն է տվել։ Պատասխանելով դատախազի հարցերին՝ նա նշել է, որ Բերձոր են ժամանել նոյեմբերի 27-ին։ Գերիներից Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ չի իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մասին։ Գերիների մի մասը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ եղել են Ջաբրայիլի ուղղությամբ, ավելի ուշ վերադարձել Հայաստան։














