Չավուշօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ տրանսպորտային հաղորդակցության նոր հնարավորություն է բացվել

152
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կոչ է արել «Մետաքսի ճանապարհին» գտնվող երկրներին՝ քայլեր ձեռնարկել համագործակցության խորացման ուղղությամբ, այդ թվում տրանսպորտային միջանցքների ստեղծման հաշվին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Մետաքսի ճանապարհը դարեր շարունակ ունեցել է հատուկ նշանակություն մեր երկրների համար։ Ժամանակն է զարգացնել ժամանակակից Մետաքսի ճանապարհը»,- ասել է Չավուշօղլուն Տաշքենդում ընթացող «Կենտրոնական և Հարավային Ասիա․ տարածաշրջանային համագործակցություն, մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով համաժողովի ընթացքում։։
«Թուրքիան ձգտում է նպաստել տարածաշրջանային համագործակցությանը՝ առաջ տանելով երկխոսության եռակողմ մեխանիզմներ Աֆղանստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Պակիստանի ու Թուրքիայի մասնակցությամբ։ Թյուրքական խորհուրդը նաև դարձել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարային մոդել»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և խոսել «Զանգեզուրի միջանցքից»։
Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղյան (Արցախ) պատերազմից հետո տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է բացվել «Զանգեզուրի միջանցքով»։
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այս «միջանցքը» չափազանց կարևոր է Կովկասում իրավիճակի կարգավորման համար։