Չավուշօղլու հայկական կողմին խորհուրդ է տվել դրական արձագանել Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին»

105

Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին», այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, գրում է aa.com.tr կայքը։

Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք շարունակում են կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել իրենց «բարի մտադրություններին»։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում իշխանությունների վրա։

«Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և «բարի կամք» են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», – ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել «համապարփակ խաղաղ համաձայնագիր»։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև  հարաբերությունների կարգավորման բանակցություններին։