Վրաստանի հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինը հայտարարել է, որ «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործարքն ապօրինի է։ Այս մասին տեղեկանում ենք վրացական agenda.ge կայքից։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ինտերնետ հանրություն» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Սաղյանը ևս հաստատել է այս լուրը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ընկերությանը հաջողվել է դառնալ վրացական «Caucasus Online»-ի 100 տոկոսի բաժնետերը։ Այն մատակարարում է Հայաստանի ինտերնետի մոտ 85 տոկոսը։
Գրիգոր Սաղյանը նշել է, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ընկերությունը գնել էր 49 տոկոսը, իսկ հիմա համաճարակային խառը իրավիճակից օգտվելով՝ առանց կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելու, գնել են մնացած 51 տոկոսը․ «Չգիտեմ նրանց օրենսդրությունն ինչպիսինն է, որովհետև հնարավոր է՝ կարգավորող մարմինը կարողանա հերքի կամ առ ոչինչ անի առքուվաճառքի պայմանագիրը։ Կտեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց մասնագետը։














