Բրիտանիան ցանկանում է ավելի շատ ներգրավվել Արցախի բռնազավթված տարածքների «վերականգնման աշխատանքներին». Բրիտանիայի վարչապետի բանագնաց

157

Բրիտանիան ակնկալում է, որ իր ընկերություններն ավելի շատ կներգրավվեն Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի հարցերով բանագնաց Էմմա Նիկոլսոնը։

Նիկոլսոնը Բաքու է ժամանել երեքշաբթի օրը, իսկ հաջորդ օրը հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այսօր հիանալի հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ։ Մեծ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և դրա անցմանը էներգիայի վերականգնվող աղբյուրներին»,- գրել է բանագնացը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներին՝ բանագնացը նշել է, որ «դրանք մեծ պոտենցիալ ունեն»։

«Շատ լավ է, որ բրիտանական ընկերություններն արդեն իսկ զբաղվում են այդ տարածքների վերականգնման աշխատանքներով, հույս ունեմ այդ ուղղությամբ ավելի մեծ ջանքեր կգործադրվեն»,- իր թվիթերյան էջում գրել է Նիկոլսոնը։