Բայրամովը բացահայտել է Հայաստանի առաջարկած 6 կետերից որոշները

368
Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» 5 հիմնարար կետ և անդրադառնալով Հայաստանի 6 առաջարկի մասին հաղորդագրություններին, ասել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել այդ 6 կետից մի քանիսը և կարող եք եզրակացնել, թե որքանով դրանք կարելի է առաջարկություն համարել»,-ասել է Բայրամովը։

Նա հայտնել է, որ, օրինակ, կետերից մեկում նշվում է, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին փետրվարի 21-ի բազային առաջարկությունները ներկայացրել է մարտին։

«Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին հարկավոր է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, նշանակում է՝ հենց այդ օրն էլ ներկայացրել է։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանից։ Եվ որ դեռևս 1992-ին, երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ առումով Ադրբեջանի առաջարկի կրկնությունն է»,-ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ հաջորդ կետով կարևորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կարևորությունը։

«Սա ևս հարց չի առաջացնում։ Կան փաստաթղթեր և, բնականաբար, դրանք պետք է կատարվեն։ Մյուս կետն այն է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների և դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման համար։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՄԽ համանախագահների միջև ոչ մի կապ չկա, և կարելի է ասել, որ այդ խումբը կաթվածահար է։ Ես թվարկեցի այդ 6 կետից 4-ը։ Հիմա ինքներդ եզրակացրեք՝ որքանո՞վ դրանք կարելի է առաջարկներ համարել։ Հայկական կողմը ևս դրանք առաջարկներ չի անվանել, այլ արձագանք՝ Ադրբեջանի առաջարկներին։

Դուք գիտեք Ադրբեջանի դիրքորոշումը։ Հրապարակվել են դրա հիմքը կազմող սկզբունքները։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցություններն այդ հիմնարար սկզբունքների հիման վրա և աշխատել խաղաղ պայմանագրի վրա»։