Բաքվում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Շուշի չմեկնելու հանգամանքները

350

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝  ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում:

Ալիևի քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներից մեկը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին խնդրել է արձագանքել Ալիևի հրավերի մերժման պատճառների մասին։

«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի»,- նշել է Լիտցենբերգերը:

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը:

Դեսպանատնից նշել են, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի մանրամասները և խորհուրդ են տվել կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ ՝ այլ դեսպանատների մասին մանրամասներ ստանալու համար: