Բացահայտվել է վարձկաններին Սիրիայից Բաքու տեղափոխելու մեխանիզմը

12
ահաբեկիչ

Ռուսական Военное Обозрение հանդեսը փաստեր է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության մասին։

Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Իդլիբ քաղաքից քաջատեղյակ աղբյուրը «Նովայա Գազետա» թերթի թղթակցին պատմել է այն մեխանիզմի մասին, որով Սիրիայից վարձկանները Թուրքիայի աջակցությամբ ուղարկվում են Լեռնային Ղարաբաղ:

Դատելով ստացված տեղեկությունից՝ վարձկանների գրանցմամբ զբաղված է թուրքմենական ծագմամբ Սեիֆ Աբու Բաքր անունով սիրիացին: Թերթը գրում է, որ նա է կադրեր մատակարարում «Համզաթ» բրիգադի համար, որը պատերազմում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի կազմում:

Հավաքագրողները Լեռնային Ղարաբաղում կռվելու համար ներգրավում են ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց շարքերից նրանց, ովքեր ցանկանում են իրենց նյութական խնդիրները լուծել թեկուզև ամենառիսկային միջոցներով: Վարձկաններին նախ Սիրիայից ուղարկում են թուրքական տարածք, որտեղից նրանց խումբ-խումբ ինքնաթիռներով տեղափոխում են Բաքու: Համաձայն որոշ աղբյուրների՝ Ադրբեջանի նավթավայրերի պահպանության համար մինչև հազար սիրիացի է հավաքագրվել:

Военное Обозрение-ն հավելում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին Սիրիայից բերված վարձկաններին Թուրքիայից տեղափոխման մասին խոսել են նաև Պենտագոնի ներկայացուցիչները, ինչի մասին հայտնել է Sky News Arabia-ն իր թվիթերյան իր էջում: