Արցախի բռնազավթված տարածքներում պատերազմից հետո ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է մահացել, 85-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
«Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ ու 6 զինծառայող է մահացել ականի վրա պայթելու հետևանքով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ Միաժամանակ, տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել 16 քաղաքացիական անձ, 69 զինծառայող և Ականազերծման ազգային գործակալության աշխատակից։ Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի բռնազավթված տարածքներ թույլ չտալու համար։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ այդ տարածքներ։ ԱՄուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։














