Ամեն օր վարձկանների նոր խումբ է ժամանում Բաքու․ նրանց հետ կնքվում է եռամսյա պայմանագիր․ The National

15
Վարձկան

The National-ը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների հետ զրույցներ է ունեցել։

Պարբերականը գրում է, որ վարձկանները եկել են փողի դիմաց կռվելու, բայց մարտերի դաժանությունը նրանց ստիպում է մտածել միայն ընտանիքների մասին։

«Ես խոսում եմ բունկերից, մենք ստիպված էինք այնտեղից փախչել», – այս մասին պատմել է 24-ամյա Իբրահիմը, ով, ըստ պարբերականի, վախեցած ձայն ուներ։

«Մենք շատ ենք տուժել։ Շատ զոհ ենք տվել, որ նույնիսկ չեմ կարողանա հաշվել։ Չգիտեմ,թե ինչ ենք այստեղ անում։ Նույնիսկ փողն առիթ չէ՝ այս սարսափ ֆիլմում ներգրավվելու համար։ Թուրքերը մեզ այն վիճակի մեջ են դրել, որ նույնիսկ չենք կարողանում փրկվել»,- ասել է վարձկանը։

Իբրահիմը 3 երեխաների հայր է՝ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ և գտնվում է Իրանի հետ սահմանին։

Նրա հետ եռամսյա պայմանագիր են կնքել, ամիսը 1300 դոլար աշխատավարձով։ Ըստ նրա՝ Ղարաբաղում կռվում են ավելի քան 3000 վարձկաններ։

Մեկ այլ վարձկան՝ Համիդը, սեպտեմբերի 18-ին իր 15 մարդկանց է ուղարկել Լեռնային Ղարաբաղի գոտի։ Նրա խոսքով` վարձկանները հիմնականում «Սուլթան Մուրադ» խմբավորումից են։ Նա նշել է, որ ամեն օր նոր խումբ է ժամանում Բաքու՝ Ղարաբաղի դեմ կռվելու համար։