Ալիևը սպառնացել է, որ ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը

175
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու փորձերը։

«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30 տարին, հավանաբար զբաղված են այդ միջացոռումների նախապատրաստմամբ։ Կատակը մի կողմ, կարծում եմ, որ իրենք իրենց համար օրակարգ պետք է կազմեն»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիևը` ծաղրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Ալիևը կրկին փայլել է իր ապակառուցողական և հորինովի հայտարարություններով, մասնավորապես ասել է, որ «ԵԱՀԿ-ն չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն, ըստ Ալիևի, իբր թե լուծված է»:

Նա սպառնացել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

Նա նշել է, թե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ «Իմ դատողությունները վկայում են դա։ Վերջին շրջանում հատկապես սրվել են հարաբերությունները այս երկրների միջև, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ։ Համենայն դեպս, նրանց ակտիվության նման ցածր մակարդակը մեզ բոլորովին չի անհանգստացնում, կամ գուցե հակառակը: Սկզբունքորեն, 30 տարվա աշխատանքային ստաժ, նրանք թոշակի շեմին են: Ուստի մաղթում եմ նրանց երկար կյանք և քաջառողջություն»,- եզրափակել է Ալիևը: