Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և առավելություններ

289

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է հայերին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և առավելություններ։

Ալիևը ելույթի ժամանակ արցախահայությանը խորհուրդ է տվել «ճիշտ քայլեր նախաձեռնել»։

«Նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելուց։ Մենք ապրում ենք իրականության մեջ։ <…> Որովհետև Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, անկախություն և արտոնություններ։ Նրանք կապրեն այնպես, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Նրանց իրավունքները կպաշտպանվեն, ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների և ապրող ժողովուրդների իրավունքները»,- ասել է Ալիևը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «կարգավորման գործընթացի» մասին, Բաքվի բռնապետը նշել է, որ այդտեղ Լեռնային Ղարաբաղի թեմա չկա։

«Այսօր կարգավորման գործընթացում, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ղարաբաղի թեմա չկա։ Այդպիսի փորձեր եղել են, բայց ես դրան երբեք համաձայնություն չեմ տվել։ Ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը»,- ասել է նա՝ պնդելով, իբր թե դա իրենց ներքին գործն է։

Բացի այդ, Ալիևը ևս մեկ անգամ սպառնացել է Հայաստանին «դադարեցնել տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին», հակառակ պարագայում իրենք «ևս նման պահանջներ կներկայացնեն Հայաստանին»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Հայաստանը պետք է ներկայացնի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի երթուղին։