Ադրբեջանը սկսել է Իրանի տարածքով թուրքմենական գազ ստանալ

112

Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի և Թուրքմենստանի հետ՝ կապույտ վառելիքի փոխանակման մասին եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։

«Այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով»,-ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ։

«Մի ուղղությունը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն է, որտեղից արդեն գազը ստացվում է»,-ասել է Ահմեդովը։ Մեկ այլ ուղղություն է, նրա խոսքով,  Աստարան՝ Իրանի հետ սահմանին։

Նա մանրամասնել է, որ երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական 4 մլն խմ-ից մի փոքր ավելի։

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել Աշխաբադում գազի փոխանակման վերաբերյալ՝ տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 15 – րդ գագաթնաժողովի շրջանակներում: Արարողությանը ներկա են եղել երեք պետությունների նախագահներ Իլհամ Ալիեւը, Իբրահիմ Ռաիսին եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ըստ պայմանագրի, ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով կմատակարարվի 1,5-2 մլրդ խմ գազ։