Ադրբեջանը պետք է զերծ մնա արկածախնդրությունից․ Իրանի համբերությունը նույնպես սահման ունի․ Ալի Նիկզադ

46

Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում առանձնահատուկ հարգանք է ցուցաբերել իր հարեւանների նկատմամբ։ Իրանը շատ ընդհանրություններ ունի իր հյուսիսարևմտյան հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ, և մենք միշտ հարգել ենք այս երկիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը՝ խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին, հաղորդում է առաջին News Channel-ը։

«Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը (Իրաք-խմբ.) մի անգամ սխալվել է և, չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը, 8 տարի չկարողացավ դիմակայել Իրանին, ուստի Ադրբեջանի պետական ​​այրերին խորհուրդ ենք տալիս հարգել սկզբունքային բարիդրացիությունը»,- ասել է նա։

Նիկզադն անդրադարձել է նաև Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումին՝ ընդգծելով, որ դա անձնական դրդապատճառներով է պայմանավորված եղել։ «Եթե անտեղյակ մարդը սխալ է թույլ տվել, ապա պետք է փակեն դեսպանատունը, թե՞ դիվանագետներին հեռացնեն, այլ բաների մասին խոսեն։ Այս դեպքից հետո մեր նախագահը կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահը նույնպես ուղերձ է հղել ու ափսոսանք հայտնել, ես ինքս խոսել եմ Թեհրանում Բաքվի դեսպանատան երկրորդ դեմքի հետ։ Իրանը մինչ այժմ իրեն արժանապատիվ է պահել, ուստի Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին խորհուրդ եմ տալիս մտածել պատմության մասին և իրենց ճիշտ պահել։ Վերջին օրերին Ադրբեջանը վտարել է 4 դիվանագետի, բնականաբար, մեր ԱԳՆ-ն պատասխան գործողությունների է դիմելու, բայց նման պահվածքը լավ ավարտ չի ունենում»։

Նիկզադն ընդգծել է. «Իրանը հատուկ հարգանքով է վերաբերվում ադրբեջանցի ժողովրդին, հետևաբար, որպես իրանցի մուսուլման, պատգամավոր և ազարի բնիկ, ես շեշտում եմ, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է զերծ մնա արկածախնդրությունից: Իրանը մինչ այժմ համբերատար է եղել, բայց համբերությունը սահմաններ ունի։ Մենք չունենք հակասություններ, սահմանները, իշխանությունները, երկու երկրների տեսակետները պարզ են, երկրներից յուրաքանչյուրն ունի անկախություն, բայց ադրբեջանցիները չպետք է մոռանան պատմությունը։ Եթե ​​սիոնիստական ​​խմբավորում է տեղակայված Ադրբեջանում, նրանք ոչինչ չեն կարող անել։ Մեր սիրտը ցավում է ադրբեջանցի ժողովրդի համար։ Մենք պետք է մեր հարաբերությունները զարգացնենք խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերության սահմանը կա»։